հայերեն

Ո՞րն է ձախի տեղը

2021 February 28

Ո՞րն է ձախի տեղը. Հայաստանի 30 տարվա պատմության միջով

Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանում խորացող ճգնաժամերը, անհավասարության խորը ճեղքը՝ զանգվածների աղքատացումը և մի փոքր շերտի հարստանալը թյուրիմացաբար և նաև միտումնավոր վերագրում են միայն ղեկավարների անձնական առանձնահատկություններին (Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա ՀՀՇ-ական շրջապատը, ապա նրանց փոխարինած Ռոբերտ Քոչարյան, ապա Սերժ Սարգսյան, որոնց իրենց շրջապատով անվանում են ղարաբաղյան կլան, հիմա էլ Նիկոլ Փաշինյանը՝ Իմ քայլի հետ միասին)։

Իրականում ճգնաժամի գլխավոր պատճառը Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանի որդեգրած ազատական քաղաքականությունն էր, որ նախ Սովետական Միության դեմոնիզացմամբ քաղաքական ասպարեզից դուրս մղեց Խորհդային կոմունիստական կուսակցության բեկորները, ապա գրավեց ամբողջ քաղաքական դաշտը։

Անկախության առնվազն 26 տարիների ընթացքում բոլոր քաղաքական ուժերը և՛ իշխանության մեջ, և՛ ընդդիմությունում ազատականներ են (որոշ վերապահումներով նաև դաշնակցությունն ու կոմկուսի նախկին քարտուղար Կարեն Դեմիրճյանի հիմնադրած Ժողովրդական կուսակցությունը, ազատական են)։ Նրանք բոլորը երկրպագում են ազատ շուկան, ռեսուրսների և տնտեսական հաստատությունների սեփականաշնորհումը, ավելի արմատականները պետական հաստատությունների մասնավորեցումը՝ նույնիսկ զինված ուժերի օղակների։

Իսկ այն, որ այս քաղաքականությունը հանգեցնում է անարդարությունների և անհավասարության, ընդդիմությունները վերագրում են իշխանության մեջ գտնվող անձանց բարոյական հատկանիշներին, և որ նրանք ազատականությունը ճիշտ չեն կիրառում։

Իշխանության և ընդդիմության պարբերական առճակատումները ի վերջո հանգեցրին ընդդիմության հաղթանակին՝ 2018  թվականի այսպես կոչված սիրո և համերաշխության հեղափոխության տեսքով։

Սակայն եթե գաղափարական հեղափոխություն եղել է, ապա ազատական գաղափարախոսության շրջանակում. չափավոր ազատականներին փոխարինեցին ավելի արմատականները. իշխանության եկած «Իմ քայլը» խմբավորումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ առավել արմատական ազատականներ են։ Խնդրեմ մի քանի փաստ.

  1. Փաշինյանի կառավարությունը վերացրեց պրոգրեսիվ եկամտահարկը, և ներդրեց համահարթ եկամտահարկ, որով մեծ եկամուտներ ունեցողների հարկերը կրճատվեցին։ Նախկին իշխանության ժամանակ մինչև 150 հազար դրամ աշխատավարձից 23 տոկոսն էր եկամտահարկ, 150 հազարից մինչև 2 միլիոն դրամ՝ 28 տոկոսը, իսկ 2 միլիոնից ավելին՝ 36 տոկոսը: 2020-ի հունվարի 1-ից արդեն բոլորի եկամտահարկը դարձավ 23 տոկոս, տես. Հրագ Փափազյան. «Համահարթ հարկում. մի քանի խոսք իշխանական փաստարկների և արդարության մասին» ) ։

  2. Սկսեցին մասնավորեցնել պետական հաստատությունները՝ պետական աուդիտ ծառայությունները, խնամքի տները՝ ծերանոցներ, մանկատներ, կարեկցանքը բերեցին բիզնեսի ոլորտ՝ մրցույթներ հայտարարելով մասնավոր ձեռնարկությունների միջև պետական ֆինասավորման համար։ Եվ նաև բանակում սննդի կազմակրպումը հանձնեցին մասնավոր ընկերություններին, որն իր սնանկությունը բացահայտեց շատ արագ, պատերազմի ժամանակ, երբ մասնավոր կազմակերպությունները հրաժարվեցին ռազմաճակատում սնունդը կազմակերպել և մի շարք զորամիավորումներ սովի մատնվեցին։

    Անի Կաղինյանը գրում է. «Առաջին օրերին սնունդը ռազմաճակատում։ Չգիտեմ ինչ լանչ էր, որը սպասարկում էր սնունդ։ Դե հացը սարքել են մի կերպ հասցրել չաստեր, տեսել են չաստերը պայթացրած ու մարդ չկա, չկան այն մարդիկ, ովքեր պետք է մատակարարեին հացը դեպի դիրքեր։ Որքանով իրանք տեղյակ են եղել դիրքերից ու որքանին հնարավոր է եղել մոտենալ սնունդը տարել են, մնացածը սոված են մնացել, մինչև չոր սնունդը տեղ է հասել։ Մի քանի օրից սնունդ մատակարարող անասունները փախան Արցախից, որովհետև իրենք զորքի հետ չէին կարող տեղաշարժվել և տաք սնունդ տալ զորքին։ Ա՛յ այսպես է եղել սննդի մատակարարումը, թող ձենը կտրի էս դավաճանը, անտանելի է, գարշելի է»։

    Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը. «Հիշո՞ւմ եք այդ ամբողջ PR-ը, որի անունը ես դրել եմ՝ ելակային քանդոցի: Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարությունը խնդրել է Նիկոլ Փաշինյանին առաջին գծի զորամասերը զերծ պահել այդ ծրագրից, դա անել Հայաստանում. ուզո՞ւմ եք զորքը ելակ ուտի, թող դա լինի Հայաստանում: Բացատրեմ՝ ինչու. որովհետև, երբ սկսվում է պատերազմը, քաղաքացիական կազմակերպությունները, որոնք պետք է մատակարարեն բանակի սնունդը, չեն կարող գալ, հասնել, և դա նորմալ է, որովհետև զորքը պետք է ունենա զենք և ուտելիք: Երբ սկսվեց պատերազմը, այդ մարդիկ օբյեկտիվ պատճառներով չէին կարող մատակարարել ոչ միայն ելակը, նաև հացը և միսը, և զորքը մնաց սոված»։

  3. Ի տարբերություն նախորդների, որպես հեղափոխությամբ ընտրված լեգիտիմ ղեկավար՝ Փաշինյանը ավելի բացահայտ է ցուցադրում իր լիբերալ և աջ գաղափարները, նրա խոսքն է. «աղքատությունը մարդկանց ուղեղում է», Կուռթան գյուղում աղքատ, հիվանդ գյուղացու կացարան ստանալու խնդրանքին պատասխանում է՝ առողջ տղամարդը, առողջ տղամարդուց տուն կուզի, աշխատանքային իրավունքը ոտնատակ անելով հրապարկայնորեն ստիպում է մաքսատան աշխատողին ազատվել աշխատնքից այն բանի համար, որ գրասենյակում անկյունում Հայաստանի դրոշը գետնին դրված է եղել։

Ընդդիմությունների ամենակրկնվող բնութագրումը իշխանություններին թալանչիներն էր։ Ավելի ծայրահեղացրեց այս մեղադրանքը 2008-ի նախագահական ընտրությունների թեկնածու, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որ իշխանություններին որպես թալանչի անվանեց մոնղոլ թաթարներ։ Հենց այդ թվին որպես Տեր-Պետրոսյանի գլխավոր զինակից հայտնի դարձավ այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ իր նախկինների հասցեին թալանչի որակումը իր բերանից մինչև հիմա չի իջեցնում։ Թե ինչ է նշանակում թալանչի, չեն ասում, փորձենք հասկանալ։

Եթե պետական ձեռնարկությունների սեփականշնորհումն է, ապա ամենախոշոր սեփականաշնորհումները եղել են Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակ:

Լրագրող Արա Մարտիրոսյանը գրում է. «Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք՝ մինչև 1997 թվականը, մասնավորեցվեց 4917 օբյեկտ, իսկ պետական բյուջե մուտք գործեց ընդամենը 40,2 մլրդ դրամ։ Համեմատության համար նշենք, որ 1997-2007 թվականներին կամ Ռոբերտ Քոչարյանի վարչապետության, ապա՝ նախագահության շրջանում սեփականաշնորհվեց 230-ով պակաս օբյեկտ, բայց պետությունը ստացավ 122 մլրդ դրամ և 108 մլն դոլար (կամ մոտ 52 մլրդ դրամ)»։

Մի օրինակ, Երևանի հսկա գինու գործարանը սեփականաշնորհվել էր 1996-ին մոտ 100 հազար դոլարով։

Եթե թալանը բյուջեի միջոցները յուրացնելն է, ապա նոր իշխանությունները բացահայտորեն են յուրացնում՝ իրենք իրենց աշխատավարձերը բարձրացնելով և պարգևավճարներ տալով (իմքայլական պատգամավորներն ու պաշտոնյաները 20 ամսում ստացել են 108 միլիոն դոլարի չափ պարգևավճար)։

Այսուհանդերձ, Հայաստանում վերջին 26-27 տարիներին մի գաղափարական պայքար գնում է, որի առանցքը Արցախն է։

Մի կողմը վստահ է, որ Հայաստանի աղքատությունը Ադրբեջանի հետ հակամարտության պատճառով է, հավատում է կամ հավատացնում է, որ Հայաստանը կարող է և պետք է բարեկամանա իր հարևանների հետ՝ Թուրքիայի և Ադրբեջանի, որի շնորհիվ երկիրը շրջափակումից դուրս կգա, կոմունիկացիաները կբացվեն, և երկիրը արագ կզարգանա, որ ինչպես Եվրոպայում նախկին թշնամիները կողք կողքի բարեկամաբար ապրում են, այնպես էլ դա հնարավոր է այս տարածաշրջանում։ Ուղղակի դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանը Թուրքիային չգրգռի հայ դատի պահանջներով, իսկ ամենակարևորը՝ զիջումների գնա Ադրբեջանին։

Այլ կերպ ասած, նրանք Արցախը և Հայ դատը որպես գին վճարելով ուզում են ձեռք բերել թուրքերի եղբայրությանը։

Այս գաղափարի հիմնադիրն է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետորսյանը իր շրջապատով, ներկայացուցիչներն են նաև նոր իշխանությունները (Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը առանձնացել է Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ից)։ Նրանց կոչենք ֆրատերականներ (եղբայրականներ, Տեր-Պետրոսյանը 2008-ին հայտարարում էր, որ հայերն ու ադրբեջանցիները քիրվայութուն են արել)։

Այդ շրջանակները, անկարող լինելով խոստովանել, որ Հայաստանի աղքատ լինելը իրենց վարած լիբերալ քաղաքականության հետևանքն է, ճգնաժամի մեղքը գցեցին Արցախի վրա: «Արցախը հանձնենք, լավ կապրենք» մտայնությունը սկսեց ակտիվորեն տարածվել։ Հենց այս թեզերի վրա էլ հիմնված էր 1997-ին ԼՏՊ-ի կողմից ընդունված ղարաբաղյան կարգավորման փուլային տարբերակը, որով զիջում էին անվտանգության գոտին, իսկ Արցախի կարգավիճակը թողնում ապագային։

Նրանց գաղափարական հակառակորդները պնդում էին, որ ոչ, Հայաստանի ճգնաժամի պատճառը սխալ տնտեսական քաղաքականությունն է, որ ինտերնետի դարում Հայաստանը կարող է զարգանալ նաև փակ սահմաններով (այս խոսքը ասել է Ռոբերտ Քոչարյանը 1998-ին անվտանգության նիստում)։ Եվ որ Արցախը ոչ թե բեռ է այլ արժեք, որ խթանում է լուրջ նպատկներ իրագործել(կրկին Քոչարյան), որ միայն Արցախի անկախության նպատակը ժողովրդին համախմբում է առավել արդյունավետ ու անվտանգ պետություն կառուցելու շուրջ ու նպաստում ժողովրդի գոյատևմանը, իսկ միայն գոյատևման խնդիր ունեցող ժողովուրդները չեն էլ գոյատևում(Վազգեն Մանուկյան)։

Նրանց անվանենք սուրվիվալիստներ՝գոյատևմանը սպառնացող վտանգը կանխատեսողներ և դիմակայողներ: Սուրվիվալիստները համոզված են, որ Հայաստանը մի տարածաշրջանում է, ուր բազմաթիվ կրոնական, ազգային, աշխարհաքաղաքական հակամարտությունների պատճառով մոտ ապագայում տևական խաղաղություն անհնար է: Այն խմորումները, որոնք Եվրոպայում ավարտվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Միջին Արևելքում և հարակից տարածքներում նոր թափ են հավաքում ու հղի են անկանխատեսելի աղետներով, և պոտենցիալ վտանգների նկատմամբ զգոնության թուլացումը կհանգեցնի հայ ժողովրդի նոր ցեղասպանության։ Անմիջական վտանգը Ադրբեջանից է, ապա` Թուրքիայից, քանի որ չեն ճանաչում իրենց կատարած մեծ ոճիրը՝ հայերի ցեղասպանությունը, ու որպես դրա շարունակություն` չեն ճանաչում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Հետևաբար, պետք է հասնել Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչմանը, որից հետո երբ թուրքական պետություններն էլ համակերպվեն Արցախի անկախության հետ, նրանց հետ հարաբերություններ հաստատել։ Իսկ մինչ այդ Արցախի ինքնորոշման արդար պահանջը պաշտպանելու և երկրի անվտանգության համար անհրաժեշտ է մշտապես մեծացնել ռազմական պաշտպանությունը, իսկ դրա համար էլ անհրաժեշտ է Հայաստանի միակ ռազմական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերություններն ամրացնել՝ կատարելագործելու համար անվտանգության համակարգը։

Այս գաղափարական դաշտում են ղարաբաղյան քաղաքական շրջանակները Ռոբերտ Քոչարյանի հեղինակությամբ, ընդդիմադիր Հայրենիքի փրկության շարժումը, որի մեջ 17 կուսակցություններից են Դաշնակցությունը, Մեկ Հայաստան կուսակցությունը, ԱԱԾ նակին պետ Արթուր Վանեցյանն իր ղեկավարած Հայրենիք կուսակցությամբ, նախկին իշխող Հանրապետական կուսակցությունը, շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

Արցախյան գաղափարի կողմնակիցները 1998-ին տապալեցին Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը, և Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը դարձավ Հայաստանի նախագահ։ Հայաստանը իրոք զարգացավ: Աղքատության մատնված երկիրը սկսել էր ուշքի գալ:

Մի քանի փաստեր.

Մի քանի տարում երկրի ՀՆԱ-ն աճել էր 6 անգամ, 1998-ին 2 միլիարդ դոլար էր, 10 տարի անց՝ 2008-ին, 12 միլիարդ դոլար, 2000-ականներին ՀՆԱ-ի տարեկան աճը 10,5 տոկոս էր։ 1998-ին բյուջեն 300 միլիոն դոլար էր, 10 տարի անց՝ 2 միլիարդ դոլար, տարեկան տնտեսական աճը մոտ 12 տոկոս էր (միայն անասնագործության մեջ 2000-2007 թվերին ՀՆԱ-ն աճել է 90 տոկոսով, 32 տոկոսով աճել է տավարի գլխաքանակը, մինչև թռչնամիս ու ձու ներկրող երկրում 2000 թվից դրանց արտադրությունն այնքան աճեց, որ արտադրածի 20 տոկոսը սկսեց արտահանվել):

1998-ին երկրում աղքատությունը 55 տոկոս էր, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 22 տոկոս, 9 տարի անց 2007-ին աղքատությունը իջավ 25 տոկոսի, այսինքն երկու անգամ կրճատվեց, իսկ ծայրահեղ աղքատութունը իջավ մինչև 4 տոկոս, այսինքն՝ կրճատվեց մոտ 6 անգամ։

Տնտեսության բարելավմանը զուգընթաց արտագաղթի տեմպերը նվազեցին այնքան, որ արտագաղթը կանգնեց, 2004-2006 թվերին  35 400-ով ավել մարդ մուտք էր գործել երկիր, քան հեռացել։

Փոխվեց նաև ղարաբաղյան կարգավորման գործընթացը, 2007 թվականին ընդունված Մադրիդյան սկզբունքներում միջազգային հանրությունը՝ հանձին Մինսկի խմբի եռանախագահների, ճանաչեց Արցախի ինքնորոշման իրավունքը։

Սակայն 2008-ից հետո, երբ նախագահ դարձավ Քոչարյանի զինակից Սերժ Սարգսյանը, երկիրը սկսեց ճահճանալ, կրկին աղքատությունը տարածվեց, 2009-ին Հայաստանը տարեկան ՀՆԱ-ի նվազմամբ աշխարհում առաջին տեղերից էր, 10 տարիներին երկրից արտագաղթեց մոտ 300 հազար հոգի։

Ահա այս պայմաններում, երբ Սերժ Սարգսյանը, սահմանադրությունը փոխելով ցանկանում էր վարչապետի պաշտոնում հավերժացնել իր իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը օգտվեց երկրում տիրող դժգոհություններից, իշխանությունը գրավեց և ի վերջո կատարեց ֆրատերականների իղձը։

2018-ի աշնանը Դուշանբեում Փաշինյանը Ալիևի հետ հանդիպմանը խոստացավ զիջումներ, սահմանին դադարեցին կրակոցները, պաշտոնական մակարդակով՝ հանրային հեռուստատեսությամբ սկսվեց՝ «հասարակությունը խաղաղության պատրաստելու» քարոզչություն, Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը սպառազինվելուց հրաժարվելու կոչեր արեց և ցուցադրեց զարդեր, որոնք զենքերից էին ձուլված։ Ապա Փաշինյանը բանակցային ամբողջ գործընթացից ու պայմանավորվածություններից հրաժարվեց, հայտարարեց, որ բանակցությունները իր կետից է սկսում, և ջրեց 2016-ի պատերազմից հետո ձեռք բերված սանկտպետերբուրգյան և Վիեննայի՝ սահմաններին կրակի դադարեցման վերահսկման համաձայնությունները, հրաժարվեց Արցախի ինքնորոշման գաղափարից, հայտարարեց Արցախը Հայաստան է և վերջ, ի վերջո, բանակցությունները մտցրեց փակուղի, որն էլ հանգեցրեց 44 օրյա պատերազմին ու պարտությանը. արդյուքում նոյեմբերի 9-ին ստորագրեց պարտության հայտարարությունը։

Տեսակետ կա, որ Փաշինյանը հաշվի առնելով այն, որ հանրային տրամադրությունները իր դեմ կուղղվեն, եթե խաղաղ պայմաններում գնա զիջումների, հրահրեց պատերազմ, որ զիջումներն այդ ճանապարհով արվեն։ Պատահական չի, որ պարտությունից անմիջապես հետո, դեռ աճյունները չթաղված, հազարավոր անհետ կորածների մարմինները հայտնաբերված չէին, գերիներին չազատագրած, իշխանության ներկայացուցիչները անմիջապես սկսեցին խոսել Ադրբեջանի և Թուրքիայի հետ դիվանագիտական և առևտրական հարաբերությունների անհրաժեշտության մասին: Նոյեմբերի 29-ին էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը ասաց․ «Սահմանների բացումը լայն հնարավորություն է ընձեռելու. մեր արտահանողները կարող են իրենց արտադրանքը արտահանել Ռուսաստան և այլ երկրներ ավելի հարմար ճանապարհներով, քան մինչև հիմա են անում։ Բացվելու են թուրքական նավահանգիստները և ընձեռվելու են բազմաթիվ լայն հնարավորություններ։ Միգուցե նաև բացվի Ադրբեջանի շուկան մեզ համար, և մեր շուկան՝ Ադրբեջանի համար, և պետք են գալու մարդիկ, որ կարողանան օգտվել դրանից»: Դեկտեմբերի 1-ին Իմ քայլի պատգամավոր Հայկ Գևորգյանը ավելացրեց․ «Եթե մեր ապրանքը կարողանանք վաճառել Ադրբեջանում, դրա մեջ որեւէ վատ բան տեսնո՞ւմ եք դուք»։ Իմ քայլի մեկ այլ պատագամավոր՝ Անդրանիկ Քոչարյանը խոսում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ առևտրային և դիվանագիտական հարաբերությունների անհարժեշտության մասին:

Իմ քայլի մեկ այլ պատգամավոր՝ Անուշ Բեղլոյանը միջազգային քննարկմանը հայտարարեց, թե կարեւոր չէ՝ ով է սկսել պատերազմը, ում պատմական հողն է Արցախը, մենք պետք է առաջ նայենք, չվերադառնանք անվերջանալի քննարկումներին՝ ով է եղել առաջինը։

Հենց այն պահին, երբ դեռ ադրբեջանական բանտերում տարբեր հաշվարկներով 150-360 հայ գերիներ են տանջվում:

Փաշինյանն էլ անընդհատ կրկնում է Նախիջևանի երկաթգծով աշխարհ դուրս գալու հնարավորթյունից։ Իսկ հունվարի 11-ին վարչապետ Փաշինյանը Ադրբեջանի հետ ճամփաների բացման պայմանագիր է ստորագրում, և հայտարարում, թե այն «ամբողջությամբ կփոխի տարածաշրջանի տնտեսական իրադրությունը»։

Թուրքադրբեջանական շրջափակումից դուրս գալու հայ օլիգարխիկ որոշ շրջանակների և նրանց հարող նեոլիբերալ քաղաքական ուժերի գաղափարը այնպիսի սևեռուն միտք է դարձել, որ նույնիսկ մեծ ողբերգությունը նրանց վրա ոչ մի զգացմունքային ազդեցություն չթողեց: Հակառակը, այդ ողբերգությունը դիտարկում են մի բեռից ազատագրում, որը հնավորություն կտա իրենց բեռները տանել բերել Թուրքիա ու Ադրբեջան։

Այսպիսով, խաղաղության մասին ամենաբարձր խոսողները երկիրը տարան պատերազմի ու աղետի։

Արտաքին մարտահրավերների բերումով փաստորեն, սուրվիվալիստները ֆրատերականների համեմատ մի փոքր ավելի չափավոր լիբերալներ էին:

Սամիր Ամինի բնորոշմամբ մոնոպոլ կապիտալիզմի եռյակը (ԱՄՆ-ի գլխավորությամբ Եվրոմիությունն ու Ճապոնիան), հետևողականորեն ձգտում է տիրանալ ամբողջ աշխարհի ռեսուրսներին, և այս պայմաններում նա անհրաժեշտ է համարում, որ մյուս երկրները՝ թեկուզ կապիտալիստական, դիմադրեն այս մոնոպոլիստական հաղթարշավին։ Ռուսաստանը՝ աշխարհի ամենահարուստ ռեսուրսներով երկիրը, այդ դիմադրության առաջամարտիկն է, հետևաբար Հայաստանը որպես Ռուսաստանի դաշնակից ներգրավվեց նրա ստեղծած դիմադրությանը՝ Եվրասիական տնտեսական միությանը։

ԵԱՏՄ-ին միանալուն դեմ է քվեարկել Ազգային ժողովում ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր Ելք դաշինքով։ Ֆրատերականները գտնում են, որ հայ ադրբեջանական բարեկամության խոչընդոտը Ռուսաստանն է, քանի որ հակամարտությունում Արցախը պաշտպանելու համար երկիրը անհրաժեշություն ունի սպառազինության, կախման մեջ է ընկնում իր հիմնական մատակարար Ռուսաստանից, և որ Ռուսաստանն էլ Արցախի հակամարտության շնորհիվ իր ազդեցությունն է պահում Կովկասում: Չլինի Արցախի հարցը, նրա ազդեցությունը կվերանա։ Իսկ մյուս խոչընդոտը Արցախի ժողովուրդն է, ղարաբաղցիները, որոնք չեն ցանկանում զոհաբերվել հայ-թուրք-ադրբեջանական բարեկամության հեռանկարին։

Պատահական չէ, որ 2008-ին նախագահական ընտրություններում Տեր-Պետրոսյանին աջակցում էին բոլոր հակառուսական ուժերը, և այդ ժամանակ վերելք ապրեց հակաղարաբաղցիական հռետորությունը: 2008-ի մարտի մեկի բախումներին Նիկոլ Փաշինյանը հայտարարում է. «Այսօր մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից»։

Այս մոտեցումը նրանց բնական դաշնակից է դարձնում մոնոպոլ կապիտալիզմին, որը Ռուսաստանի շուրջ օղակը հետևողականորեն սեղմում է՝ նրա հարևան երկրներում հրահրելով գունավոր հեղափոխություններ Ռուսաստանի ազդեցությունը վերացնելու համար։

Գրեթե նույն կարգախոսներով՝ «թալանեցին երկիրը», «կոռուպցիայի դեմ պայքար», Վրաստանում, Ուկրաինայում և Հայաստանում եղան գունավոր հեղափոխություններ, որոնք համակարգային ոչ մի փոփոխություն չբերեցին, ճգնաժամերը խորացրին, բերեցին մեծ կորուստների՝ Վրաստանում Վրաստանի իշխանության տակ գտնվող Կոդորի կիրճը անցավ Աբխազիային, Ախալգորիի շրջանը Օսեթիային, Ուկրաինան կորցրեց Ղրիմը, մխրճվեց քաղաքացիական պատերազմի մեջ։ Բայց օգտվեց Արևմուտքը՝ Վրաստանն ու Ուկրաինան թշնամացնելով Ռուաստանի հետ։

Ի վերջո հերթը հասավ Հայաստանին։

Սուրվիվալիստների և ֆրատերականների հակամարտությունում 2018-ին ֆրատերականների հաղթանակը պայմանավորված էր գլխավորապես արևմտյան գործակալական ցանցերի աշխատանքով։

Իհարկե, այն, ինչ հնարավոր էր Ուկրաինայում և Վրաստանում՝ մինչև վերջ կապերը խզեցնել Ռուսաստանի հետ, Հայաստանում ավելի դժվար էր․ տարեկան հարյուր հազար հայ արտագնա աշխատանքի է մեկնում Ռուսաստան, հայկական հասարակությունը գիտակցում է, որ եթե ռուսական սահմանապահները հանվեն Հայաստանից, Թուրքիան հնարավորություն կստանա ներխուժել: Եթե Թուրքիան ներխուժում է իր երեկվա բարեկամ Սիրիայի տարածք, ինչն է խանգարում, որ չներխուժի Հայաստան, որի ժողովրդին իր առաջին թշնամիների շարքն է դասում։

Այսուհանդերձ, հայկական հեղափոխությունը Հայաստանի հնարավորության սահմաններում հասավ իր գլխավոր խնդրին՝ հնարավորինս խաթարվեցին Ռուսաստանի հետ հարաբերությունները։

2018-ի հեղափոխության առաջամարտիկները արևմտյան ֆինանսվարմամբ գործող քաղաքացիական հասարակությունն էր, որի ներկայացուցիչները մխրճվեցին կառավարման համակարգ, Փաշինյանի գլխավորութամբ խարխլեցին Հայաստանի անվտանգության համակարգը՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները լարեցին ու Ադրբեջանի և Թուրքիայի առաջ պատերազմի դուռ բացեցին։

Արցախյան վերջին պատերազմը մեկնաբանվում է նաև որպես Թուրքիայի միջոցով Արևմուտքի կողմից Ռուսաստանը տարածաշրջանից դուրս մղելու դավադրություն։ Պատահական չի, որ ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը դեմ քվերակեց կրակի դադարեցման բանաձևին։

Նրանք՝ այդ արևմուտքից սնվող քաղհասարակությունը, Մարդու իրավունքները, կոռուպցիայի դեմ պայքարի հռետորաբանությունը օգտագործում էին նախկին իշխանությունների դեմ որպես գործիք, որ տապալեն Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Նրանք տերպետրոսյանական շրջանկների հետ թմբկահարում էին, թե վերջին 20 տարում է երկիրը թալանվել, մարդու իրավունքները խախտվել, այսինքն այն տարիներին, որոնց ընթացքում իշխանության են եղել նրանք, ովքեր ղարաբաղյան համակարտության լուծումը տեսնում էին Արցախը Ադրբեջանի կազմից դուրս։

Իրականում, Հայաստանի ամենածանր տարիները՝ թե՛ տնտեսական, թե՛ մարդու իրավունքների ոտնահարման տեսանկյունից, եղել են մինչև 1998թ․ Տեր-Պետրոսյանի կառավարման շրջանը։

Ըստ ՄԱԿ-ի և ՀՀ վիճակագրության ներկայացրած տվյալների արտագաղթը 91-96 թվերին կազմել է 677 000: 90-ականներին 3 միլիոն 802 հազար  բնակչություն ունեցող երկրից գնացել է 920  հազարը (Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին ըստ վիճակագրության ծառայության տվյալների 1992-1997թվերին երկիրց հեռացել է 584 հազար մարդ

Խորհդային վերջին տարիներին, երբ երկրի բնակչությունը կես միլիոնով ավել էր, մահերը ավելի քիչ էին. այսպես ըստ վիճակագրության ծառայության տվյալների, 1990-ին մահացել է 21993 մարդ, իսկ 8 տարի անց 1998-ին՝ 1200-ով ավել` 23210 մարդ։

Ծնունդներն էլ կրկնակի նվազել էին. 1990-ին եղել է 79882  ծնունդ, իսկ 8 տարի անց 1998–ին երկու անգամ պակաս 39366 ծնունդ։

Ըստ 1996 թվի ՄԱԿ-ի տվյալների, 23,9 տոկոսը ապրում էր ծայրահեղ աղքատ, 82,4 տոկոսը վատ, միայն 13,2տոկոսն էր բավարար, և 4,4 տոկոսը լավ կամ շատ լավ(Էդիկ Մինասյան «Հայոց նորագույն պատմության քառորդ դարը»):

ԱՄՆ Մերիլանդի համալսարանի գիտնականների խմբի մշակած  polity index գրաֆիկում երևում է ժողովրդավարության և մարդու իրավունքների վիճակը Հայաստանում անկախության 24 տարիներին՝ մինչև 2013թ.։ Հետազոտությունը ներառում է  աշխարհի բոլոր երկրները, ուր մի ծայրում -10-ն է` ամենաբռնատիրականը, որ ունի, օրինակ, Հյուսիսային Կորեան, մյուս ծայրում +10-ն է` ամենաժողովրդավարականը, որտեղ Շվեյցարիան է։ Հայաստանը անկախանալուց կարճ ժամանակ անց՝ Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին, կտրուկ անկում է ապրել մինչև -6՝  հասել  դեպի բռնապետություն, և միայն նրա տապալումից հետո` 1998-ից սկսած, 9 կետով բարձրացել է, բայց 6-ից չի անցել։

Authority trends

Արդեն առավել պարզ է, որ թալանի և իրավախախտումների դեմ պայքարի տակ թաքնված էր միջազգային դավադրություն՝ Հայաստան Ռուսաստան դաշինքի և Արցախի ինքնորոշման դեմ։

Այդ մոնոպոլ կապիտալիզմը անմիջականորեն հակառուսական հռետորությամբ չի ներխուժում երկրներ, թաքնված է իրավապաշտպան ծրագրերի ետևում, նրանց ֆոնդերն են Հայաստանում ֆինանսավորում միասեռականների իրավունքների պաշտպանության, ֆեմինիստական ծրագրերը, հայրիշխանական համակարգի քննադատությունը: Եվ ուրեմն, պարադոքսը՝ մի կողմից հայ ձախական որոշ շրջանակներ առաջնային են դարձրել միասեռականների իրավունքների պաշտպանության, հայրիշխանության դեմ պայքարը, մյուս կողմից խոսում են նեոլիբերալիզմին դիմադրելու մասին, երբ հենց նեոլիբերլիզմն է «միասեռականների պաշտպանության» ու «հայրիշխանության դեմ պայքարի» առաջամարտիկը։

Այո, Հայաստանում պահպանողական շրջանակների կողմից սեռական փոքրամասնությունները ճնշումների են ենթարկվում, բայց նրանք աշխարհի հզորների պաշտպանության տակ են, և ֆինանսավորվող մի շարք հասարակական կազմակերպություններով ազատ գործում են։

Նեոլիբերալ գլոբալիզացիայի գործիքներն են մարդու իրավունքները, անձնական ազատության քարոզը, որոնցով Արևմուտքի գործակալական ցանցերը սողոսկում են իրենց շահերին դիմադրող երկրներ և գունավոր հեղափոխություններ անելով՝ մոնոպոլ կապիտալին առավել ինտեգրված արմատական ազատականներին իշխանության բերում։

Միասեռականների ճնշումները նույնպես դասկարգային բնույթ ունեն մանավանդ Հայաստանի պես երկրներում. «Հոմոսեքսուալությունը մինչև այժմ էլ հարուստների արտոնությունն է և այն աղքատների համար է վերածվում ծանր բեռի»(Իվան Օվսյաննիկով)։ Այսպիսով, Հայաստանում ձևավորվում է արևմտյան առատ ֆիասնավորմամբ միջին բուրժուազիայի վերածված իրավապաշտպանների, և նաև միասեռականների պաշտպանված խավ, որը արևմտյան քաղաքական շահերն է տանում Հայաստանում(նրանք բոլորը հակառուսական քարոզչություն են անում, և աջակցում են կապիտուլյանտ իշխանությանը), և հայրենասեր անձանց մեջ հավելյալ տրամադրություններ ստեղծում ընդդեմ միասեռականների, իսկ հարվածը իջնում է միայն աղքատների վրա։

Նեոլիբերալ ֆոնդերը՝ Սորոսի, ամերիկյան հատուկ ծառայության հետ կապված NED հիմնադրամները և այլն, Հայաստանում շռայլորեն ֆինասավորում են տարատեսակ իրավապաշտպան շարժումները, նաև հայ-թուրքական բարեկամության ծրագրերը (որոնցից մեկում թուրք և հայ գործիչները քննադատում են Հայաստանի պատմության դասագրքերը՝ որպես միլիտարիստական)։ Նրանք կա՛մ օգտագործում են ճնշված խմբերի դժգոհությունը, կա՛մ արտադրում են ճնշված խմբեր իրենց դժգոհություններով և նրանց դարձնում իրենց շարասյունը Հայաստանի կապերը Ռուսաստանի հետ քանդելու համար։ Այդպես, արևմտյան ֆինասավորմամբ ամբողջ քաղաքացիական հասարակությունը հակառուս քարոզչություն է անում(տես. Վահան Իշխանյան. «Սառը պատերազմները, «ժողովրդավարության արժեքների գործակալները» և Հայաստանի անվտանգության սպառնալիքը և «Արձանագրել քաղաքացիական հասարակության տարածքը զավթելու փաստը»

Իսկ, ահա Հայաստանի աղքատացած և շահագործվող դասակարգերը որբ են մնացել՝ չունենալով որևէ քաղաքական պաշտպանություն, և նրանց դժգոհությունները դառնում է հումք իրենց հարստահարած դասակարգի կողմից իշխանություն վերցնելու համար։ Հայաստանում ձախը պետք է դիրքորոշվի՝ դաշնակցո՞ւմ է միջազգային կապիտալի ֆոնդերի իրավապաշտպան ծրագրերի՞ն, թե՞ ձևավորվում այն ձախ դիմադրությունը, որ և աղքատ դասակարգերի շահերը պաշտպանի, և՛ Արցախի ժողովրդի ինքնորոշման և անկախության գաղափարին թիկունք կանգնի։

Խոսք կա՝ եթե չես կերակրում սեփական բանակը, ստիպված ես լինելու կերակրել թշնամու բանակը։ Այդ խոսքը շրջելով կասենք՝ եթե չես ստեղծում քո փիլիսոփայությունը, ստիպված ես լինելու թշնամու փիլիսոփայությունը որդեգրել։

Այսպես՝ մեծ կայսրությունների տիրապետության դեմ առաջացած փիլսոփայություններն ու դիմադրությունները՝ անարխիզմ, ֆեմինիզմ, հակամիլիտարիզմ, հայրիշխանության քննադատություն, ներմուծվում են փոքրիկ, չորս կողմից թշնամի և կասկածելի հարևաններին դիմադրող երկիր, և իրենց քարոզչությամբ քայքայում դիմադրությունը։

Անարխիզմի ծագման երկիրը անծայրածիր Ռուսական կայսրությունն էր, ապա տեղափոխվել է համաշխարհային կայսերական տերություններ՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա և այլն, որոնցում իշխանությունը այնքան անսահման է, այնքան տարածված, որ որպես դիմադրություն առաջանում է պետության ժխտումը։ Եվ ահա, այդ «պետության ժխտումը» ներմուծվում է Հայաստան, մի երկիր, որի պետությունը ստեղծվել է արտաքին նվաճման դեմ, նաև կայսերական նվաճման դեմ, և «պետության ժխտում»-ով քայքայում է պետության դիմադրողականությունը։ Ինչ է ստացվում․ անարխիզմը, որ ստեղծվել էր կայսրությունների դեմ, վերածվում է կայսրության նվաճողական գործիքի՝ քանդելով իր դիմաց դիմադրությունները( ծանոթ են անարխիստներ, որոնք սորոսի ֆոնդից են ֆինանսավորվում)։

Կամ հակամիլիտարիստական շարժումները, որոնք ուղղված էին նվաճողական երկրների ռազմականացման դեմ, օրինակ, վերջին հակամիլիտարիստական շարժումները աշխարհի թիվ մեկ միլիտարիստ երկրի՝ ԱՄՆ-ի նվաճողական քաղաքականության դեմ, Հայաստան է ներմուծվում, և հայտնվում են չակերտավոր «ձախեր», որոնք պայքարում են մի երկրի ռազմականացման դեմ, որը փորձում է դիմադրել իր ժողովրդի ցեղասպանությունը ծրագրած նվաճողների դեմ։ Հայաստանում ձախ դիրքորոշվող բազմաթիվ երիտասարդներ նախկին իշխանություններին թիրախավորել էին նաև որպես միլիտարիստներ։

Հայրիշախնության քննադատությունն ու ֆեմինզիմը նույնպես առաջացել են հզոր տիրապետություններում որպես դիմադրություն նրանց նվաճողականության և ճնշումների։ Եվ ահա, այդ գաղափարները ներմուծվում են Հայաստան, և Հայաստանի հայտնի ֆեմինիստներից մեկը՝ Կանանց ռեսուրսների կենտրոն կազմակերպության ղեկավար և Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Լարա Ահարոնյանը հարցազրույցում ասում է. «Այն մարդիկ, որ կարծում են դա իրենց տարածքն է, բայց դա կարող է փոփոխական լինել, կարող է վաղը տեղափոխվեմ Ղարաբաղ, իմը լինելը չեմ հասկանում, դու էնտեղ ապրում ես ժամանակավոր, հիմա քոնն է քոնը չի էդ կոնցեպտը շատ պատրիարխալ կոնցեպտ է։ Ամեն անգամ սեփականությունը, իմը իմը, տվեք»։ Զրուցակից իրավապաշտպանը հեգնում է. «Բայց դա ազգային է»։ ֆեմինստը պատասխանում է՝ «Ազգայինն էլ շատ պատրիարխալ է»։

Այսպիսով, այն ինչ հիմնավոր է հնչում ամերիկացի ձախի շուրթերից, որ իր նախնիների նվաճած տարածքը սեփականացնելը պատրիարխալ կոնցեպտ է, ներմուծվելով դիմադրող Հայաստան և Արցախ՝ ավերում է դիմադրությունը։ Եվ բազմադարյան մի ամբողջ մշակույթ՝ իր եկեղեցիներով, բերդերով, կենցաղով, սովորույթներով, վերածվում է նրանց աչքում սոսկ տարածքի, որ պատկանելիություն չունի, կարելի է հանձնել։

Ու մղկտում ենք, երբ աչքերիս առաջ տեսնում ենք ինչպես են վանքերը անցնում ադրբեջանցիներին, տագնապով սպասում, որ նրանց էլ կվիճակվի Ջուղայի խաչքարերի ճակատագիրը: Հարյուրամյակներով տարբեր նվաճողների կարողացել էր դիմադրել Արցախի ժողովուրդը, միաժամանակ կառուցել բերդեր և եկեղեցիներ, տնտեսական կառույցներ, վերջին տարիներին հայտնի դարձած Կատարո գինու գործարանը, և հանկարծ, մի դավադրության արդյունքում, քանդվում է ամբողջ դիմադրության համակարգը, և ոսոխը ներխուժում, գրավում է Հադրութի ու Շուշիի շրջանները։ Տագնապով հետևում ենք, որ հանկարծ հայկական առաջին դպրոցներից մեկը՝ չորրորդ դարի Ամարասի եկեղեցին էլ չանցնի ոսոխին, հույսներս դրել ենք միայն Արցախի մյուս շրջաններում օտար խաղաղապահների կասկածելի պաշտպանությանը։ Հայաստան չկա, Հայաստանի պաշտպանական համակարգը քանդված- ավերված է, հակամիլիտարիստական շարժումը հաղթանակել է, իսկ ավելի ճշգրիտ՝ թուրք-արևմտյան դավադրությունն է հաղթնակել, ավելի ճշգրիտ՝ թուրքական դավադրությունը, քանի որ արևմուտքի ծրագիրը լրիվ չիրականացավ․ պատերազմի արդյունքում Ռուսաստանը չհեռացվեց տարածաշրջանից, այլ եղավ միակ շահագրգիռ կողմը, որ թույլ չտվեց Արցախը ամբողջությամբ գրավի թուրք-ադրբեջանական դաշինքը և իրեն վերջնականապես դուրս մղի տարածաշրջանից։

Վարչապետ Փաշինյանի խոսքն է՝ իզմերի ժամանակն անցել է։ Մի մտածողություն, որ շատ բնորոշ է հետսովետական լիբերալ մտավորականությանը, և ընդհանրապես նեոլիբերալիզմին, որ վերացնելով բոլոր գաղափարախոսությունները հռչակում է հետգաղափարախոսության աշխարհ։

Իզմը բնորոշում է գաղափարախոսություն։ Գաղափարախոսությունը անձանց միջև համերաշխություն է բերում, գաղափարախոսությունն այն է, որ եսասիրությունը ստորադասում է վերանձնային հավաքական գաղափարին։ Սակայն կա մի իզմ, որը խրախուսում է եսասիրությունը՝ լիբերալիզմը կամ ազատականությունը, որ հիմնված է անձի ազատության, անձնական շահի վրա, իսկ երբ այդ լիբերալիզմը լրիվ «մաքուր» է, չունի այդ անձնական շահը բավարարելու այլ շարժառիթ, քան ես-ն է, մերժում է յուրաքանչյուր հավաքականություն, որ կարող է սահմանափակել անձի ազատությունը: Անձնական շահն աշխատում է միայն եսասիրությունը բավարարելու համար, և լիբերալիզմը նույնանում է էգոիզմին։

Հայաստանի անկախությունը բերեց նոր գաղափարախոսության տիրապետությանը՝ լիբերալիզմին, որ մխրճվեց հասարակական կյանքի բոլոր ոլորտներ՝ ընտանիք, ընկերային հարաբերություններ, և խարխլեց հավաքական ձգտումները։ Սոցիալիզմին փոխարինեց նրա հակապատկերը՝ լիբերալիզմ-էգոիզմով։

Սակայն դեռ կար մեկ այլ համախմբող գաղափար՝ Արցախի ազատագրության գաղափարը, որը որոշ չափով զսպիչ դեր խաղաց «մաքուր» ազատականության վրա, և հենց այդ գաղափարն էր և նրանով անհանգստությունը, որ 1998-ին իշխանությունից հեռացրեց «մաքուր» ազատականներին, և Հայաստանը մղեց որոշ զարգացման։

Այդ «մաքուր» ազատականները 20 տարի շարունակ հանրությանը մոլորեցնում էին՝ 1998-ից ի վեր տնտեսական աճի, աղքատության նվազման տվյալները մոռացության մատնելով, իսկ այդ աճի հեղինակներին զրպարտելով ամենագեշ մեղքերի մեջ։ Նրանք իրենց նպատակին հասան՝ Արցախյան վերնախավին մինչև վերջ վարկաբեկեցին։ Սակայն տնտեսական հաջողությունների նյութական արտահայտությունները դժվար է քողարկել՝ Երևանում Դավթաշենի կամուրջը, Օդանավակայանի նոր շենքը, Դիլիջանի թունելը, Թումոն, Աղետի գոտու նոր թաղամասերը և այլն, և մանավանդ Երևանի ժամանցային կյանքը՝ ռեստորաններ, սրճարաններ, որտեղ սիրում է նստել քաղաքացիական հասարակության ողջ ներկապնակը։

Իզմերը ջնջելուց հետո մի հավաքական զգացում է մնացել՝ Հայրենասիրությունը, բայց նա էլ է հարվածի տակ։

Հայաստանյան լիբերալ շրջանակները ծաղրում են նաև հայրենասիրությունը, Փաշինյանի գործընկեր «Անտարես» հրատրակչությունը մրցույթ էր հայտարարել «Հայրենասիրությունը սրիկաների վերջին հանգրվանն է» թեմայով։ Այս խոսքը 18-րդ դարի անգլիացի բանաստեղծ Սեմուել Ջոնսոնն է ասել։ Պատկերացնենք Անգլիական կայսրությունը, ուր ասում էին արևը մայր չի մտնում, և այդ կայսրության մեջ «հայրենասիրություն» հասկացությունը ինչ իմաստ կարող էր ունել՝ իհարկե, նվաճողական։ Ահա ինչ է անում լիբերալիզմը, ևս մի փաստ, որ հակակայսերական գաղափարներն ու արտահայտությունները վերցնում, տեղադրում է ինքնապաշտպանության դատապարտված փոքր ժողովուրդների վրա, որ քայքայի համախմբող վերջին գաղափարը՝ հայրենասիրությունը։

Հայ ժողովրդի հավաքականության քայքայումը, հայրենասիրության անկումը աղետալի պատերազմի ժամանակ առավել ցայտուն դարձավ, Արցախի կորուստը, բազմաթիվ զոհերը, փախստականները շատերի կողմից անտարբերությամբ ընդունվեցին, ավելին՝ բուն Հայաստանի տարածքների զիջումը Ադրբեջանին (այս պահին Շուռնուխի ու Որոտանի գյուղացիների տները իրենց հողամասերով, որոնք Սովետական Հայաստանի կազմի մեջ են եղել, տրվեցին Ադրբեջանին) չեն անհանգստացնում Երևանի բնակչությանը: Քանի դեռ սահմանը իրենց չի հասել, անհանգստանալու կարիք չունեն, նրանց հայրենիքը նեղացել, դարձել է միայն սեփական տունը։

Եվ պատերազմի ժամանակ հինգ հազարից ավել զինվոր զոհաբերած, Արցախի Շուշին ու Հադրույթի շրջանը թշնամուն հանձնած, Արցախի պետականությունը ավերած և պարտությունից հետո էլ Ադրբեջանի ամեն պահանջին պատրաստակամորեն զիջող վարչապետ Փաշինյանը, որ հույս է փայփայում զիջումներով հասնել բաղձալի բարեկամությանը ու ճանապարհների բացվելուն, դեռ մնում է վարչապետի պաշտոնին և ունի աջակիցներ։

Բայց միևնույն է, այս իշխանությունը տապալվելու է այս կամ այն ձևով։ Ով կփոխարինի նրանց, Արևմուտքի պլան երկու՞սը, թե՞ Հայրենիքի փրկության շարժումը։ Եթե Շարժումը գա, կամրապնդի Հայաստանի անվտանգության համակարգը, գուցե ներդրումների հնարավորություն բացվի Ռուսաստանի հայերի համար, սակայն մնալով լիբերալ գաղափարախոսության շրջանակում կկարողանա՞ գոնե ինչ-որ չափով հաղթահարել անհավասարությունը ու անարդարությունը։ Իսկ եթե շարունակի մնալ լիբերալ դեմոկրատիայի ընտրական մոդելի մեջ՝ ընտրությունները վերածելով մի շուկայի, որտեղ ով շատ փող դնի, կհաղթի, ապա կրկին հնարավորություն կտա, որ միջազգային կապիտալը իր մարդկանց բերի իշխպանության։

Ահա ձախը, որ երկրից երկիր տարբեր ու իրարամերժ կարող է լինել։ Հայաստանի դեպքում ձախը նախ պետք է ձևակերպի իր դիրքորոշումը Արցախի նկատմամբ որպես արդարության կողմ, Արցախի ինքնորոշման պաշտպան, ապա Հայաստանի ներքին կյանքում մշակի այն հայեցակարգը, որը կբերի հավասարության ու արդարության մեջ նոր հավաքականության գիտակցությունը և թույլ չտա, որ արտաքին գործակալական ցանցերը՝ խաղալով ներքին անարդար կյանքի զգացումների վրա, խորտակեն հայրենիքը։

Վահան Իշխանյան