հայերեն

Հայաստանի Գավրասին սպասելիս

2022 August 23

«Ոսկե Ծիրանի» ֆեյսբուքի էջը բերեց Կոստա Գավրասի ֆոտոն։ Ոնց թե, Գավրասը Հայաստանո՞ւմ։ Վահանը լիներ՝ ոնց կուրախանայինք միասին։ Հիշում եմ, երբ նոր էինք հանդիպում, Վահանին Գավրասի Etat de siège («Պաշարողական դրություն») ֆիլմը ցույց տվեցի, ոնց են տուպամարոների շարժման անդամները առևանգում ամերիկյան դեսպանատան պաշտոնյային և ուղիղ հեռարձակվող հանրային դատի միջոցով ջրի երես հանում Լատինական Ամերիկայի երկրներում ամերիկացիների քաղաքական միջամտությունները, ոստիկանական հանցագործությունները։ Շատ էր ոգևորվել ֆիլմով, էդ պահն էլ համընկավ ծռերի՝ ՊՊԾ-ի գրավման հետ, ու դե Վահանն էլ Վահան չէր լինի, եթե մի թույն նյութ չսարքեր էդ ֆիլմի ու ծռերի զուգահեռներով։ Իհարկե, էն ժամանակ դեռ պարզ չէր, թե սա իրականում ինչ պատմություն է։

Բա ի՞նչ անեմ, ո՞ւմ ասեմ, ո՞վ հետս կոգևորվի էս լուրով։ Դե հա, իմ ջահելության ձախական ընկերները, ո՞վ է մնացել որ, մենակ Սօսէն։ -Սօս, Սօս, գուշակի՝ ով ա Հայաստանում, աշխարհի ամենաձախ ու ամենաքաղաքական ռեժիսորը։ Ը՜, անունը լեզվիս ծերին ա, չասես, հիմա կհիշեմ,- սիգնալի ու օվկիանոսի մյուս ծերից գրում է Սօսէն։ Կհիշես, իհարկե, սիրելի Սօսէ, մոռանալ չի լինի դաշնակցական երիտասարդականի տարիները, երբ ընկեր Լևիկն եկավ Հայաստան, կազմակերպեց իր դասախոսություններն ու ֆիլմադիտումները։ Մենք, որ տարիներ շարունակ երգել էինք դաշնակցության հիմնը, միայն էդ ժամանակ՝ Լևիկի սեմինարների ու դասախոսությունների ընդմիջից, կամաց-կամաց սկսեցինք մեզ համար բացահայտել «մշակ-բանվոր, ռենչպեր ախպեր»-ի խորհուրդը։ Տարիներ շարունակ թութակի պես կրկնում էինք՝ «սոցիալիզմին ճամփա բացենք» (ինչ-որ պահից սկսած՝ կարծես էլ «սոցիալիզմ» էլ չէին ասում, «սոցիալիզմը» հանել էին, տեղը դրել՝ «դաշնակցության ճամփա բացեք»), իսկ Լևիկի հետ՝ «սոցիալիզմը», երգի բառ լինելուց բացի, սկսեց նշանակություն ստանալ, ավելի հստակ ուրվագծվելով՝ նաև տեղ գտավ մեր անձնական ընկերային կյանքում։ Էնտեղ մեկի դարդը բոլորի դարդն էր, մեկի հազար դրամը՝ բոլորի ուրախությունը, կարծիքները՝ բազմազան ու հակոտնյա, դեմոկրատիան տափակ մեծամասնական չէր, փոքրամասնության կարծիքն ու տեսակետը նույնքան կարևոր էին ու ազդում էին որոշումների վրա։ Այդ խմբով էր, որ սկսեցինք տպագրել «Ճառագայթ» թերթը պատանիների համար, ուր Լևիկի խմբագրականը ամփոփում էր մարդկային երջանկության պայմանները, որոնցից մեկը անկախ հայրենիքի գոյությունն էր։ Էդ ժամանակ էր, որ երջանկության գաղափարը սկսեց ընդլայնվել, մեր ջահելական սիրային սիլի-բիլիների հաջողությամբ չէր միայն պայմանավորվում, բարձրանում էր մինչև վերանձնային, համայնքային մակարդակ, իսկ արդարության գաղափարը՝ մեկընդմիշտ կապակցվում ազգային հարցին։

Երջանկությունը նախևառաջ մեր երիտասարդ բնությունն է, երբ մեր բնատուր կարողությունները ուժական են և գործոն։

Մեր լիարժեք երջանկության համար պայման է նաև անկախ հայրենիքի առկայությունը, որից զրկված ենք եղել դարեր շարունակ և որի բացակայության պատճառով ակամա կրել ենք մեր մեջ այդ զրկանքի ծանր հետևանքները։ Այդ հետևանքները նստվածք ունեն մեր ենթագիտակցության մեջ, և միշտ չէ, որ մենք իրազեկ ենք դրանց։

Հայրենիքի անկախությունն ու անվտանգությունը հիմնական նախադրյալներ են մեր ազատ ու բազմակողմանի զարգացման, և անհրաժեշտաբար պահանջվում է մեր գիտակից ու ներգործոն մասնակցությունն ու նվիրումը նրա պահպանման ու հզորացման գործում։

Անկասկած երջանկության հիմնական պայմաններից է արդարությունը։ Առանց արդարության ու արդարություն ապրելու զգացումի հնարավոր չէ ամրագրել փոխադարձ կապը հայրենիքի, պետության, ժողովրդի, ինչպես և անհատ քաղաքացու միջև։ Առանց արդարության խարխուլ է հավաքական կյանքի ու հասարակական գիտակցության ներուժը։

Երջանկության պայմաններից է նաև ստեղծագործ ոգին, որ զարգացմանը պիտի նախանձախնդիր լինենք բոլորս։

Երջանկությունը պայմանավորվում է նմանապես մեզ շրջապատող հարցերի, մեր ներաշխարհի ճանաչմամբ, դրանք վերլուծելու ու կողմնորոշվելու հատկությամբ ու կարողականությամբ։

Այնուամենայնիվ, ինչքան շատ լինեն երջանկության պայմանները, միևնույնն է, քիչ են, եթե մենք չկարողանանք գնահատել մեր ունեցածը։

Էդ ժամանակ էր, հեռավոր 2000-ականներին, որ Վիետնամի ժողովրդի ազատագրական պայքարի օրինակով Լատինական Ամերիկայի շարժումների մասին ընթերցումների ու քննարկումների միջոցով սկսել էինք կամաց-կամաց հասկանալ՝ ինչ է ամերիկյան իմպերիալիզմը, ինչ ավերներ է բերել աշխարհի տարբեր ժողովուրդների գլխին, էն ամենը, ինչի մասին էսօր շատերն արդեն խոսում են, ու արդեն ինքներս մեր մաշկի վրա զգում ենք Հայաստանում։ Ու եթե մեզ էն ժամանակ չլռեցնեին, կամ՝ մենք հեչ, մի կողմ, առհասարակ չկասեցնեին էդ քաղաքական գիծը, գուցե էսօր ավելի պատրաստ լինեինք դիմագրավելու ներկա վայրվերումներին։

Երեկոները «Մեղեդիում» ու «Արտբրիջում» Լևիկի շուրջ հավաքված՝ կլանված լսում էինք ու լսում, խոսում էինք ու խոսում ու անցնում էինք մեր սոցիալ-քաղաքական առաջին ու գուցե ամենաարժեքավոր դասերը՝ առանց դրա մասին իմանալու։ Էն ժամանակ ինտերնետը կաբելային էր, ֆիլմերը՝ անհասանելի, ու Լևիկը հատիկ-հատիկ ֆիլմեր էր ձայնագրում Ֆրանսիայի իր տանը․ Arte-ի դոկումենտալները՝ իռլանդացի ժողովրդի ազատագրական պայքարը անգլիական ծավալապաշտության դեմ, Կուբայի հեղափոխությունը, Փարիզի կոմունան, Վենեսուելայո՞ւմ, թե՞ Արգենտինայում բանվորների կողմից գործարանի գրավման պատմությունը, որ ցույց էին տալիս, թե ինչպես է հնարավոր աշխատել ու վաստակել՝ առանց մեկը մյուսին շահագործելու, ու էլի շատ այլ թեմաներ, որ քառորդդարյա հեռավորությունից հիմա լավ չեմ հիշում։ Հետո բերում էր Հայաստան, հավաքվում էինք ինչ-որ դահլիճում կամ մեկի բնակարանում, նայում էինք, զրուցում, բանավիճում։ Դրանց թվում էին բազմաթիվ գեղարվեստական ֆիլմեր՝ բոլորը ձախական, քննադատական բնույթի, ասենք The Reds («Կարմիրները»)՝ ամերիկացի կոմունիստ Ջոն Րիդի մասին, կամ Even the rain («Նույնիսկ անձրևը»)՝ չեմ հիշում՝ լատինամերիկյան որ երկրում բնիկների պայքարն էր ամերիկացիների դեմ՝ խմելու ջրի համար, որը հետագայում մեծ քաղաքական շարժման վերածվեց, կարծեմ, Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը էդ շարժման մասնակիցներից է եղել։

Ու էդ կինոդիտումների մեջ կարևոր տեղ էին գրավում Կոստա Գավրասի ֆիլմերը։ Հիշում եմ՝ Z (Ձետա) ֆիլմը ֆրանսերենով էր, վիդեո-պլեյերով էինք նայում, հավաքում էի ընկերներիս, րոպեն մեկ պաուզան սեղմած՝ բառ առ բառ թարգմանում ու բացատրում, չգիտեմ էլ, թե էդքան պաուզայից հետո խեղճերը մի բան հասկանում էին ֆիլմից, թե ուղղակի իմ շատախոսությունն էին լսում։ Ու դա անում էի մի քանի անգամ, ընկերների տարբեր խմբերի հետ, էնքան, որ անգիր էի արել էդ ֆիլմը։

Ու որ «Ծիրանին» Վիոլետի հետ գնացել էինք Գավրասի վերջին՝ 2019 թվին նկարահանված «Մեծահասակները սենյակում» ֆիլմը նայելու, մեկ էլ մեծ էկրանին՝ հո՛պ, Z-ի կադրերն են գալիս․ Իվ Մոնտանը՝ կոմունիստ պատգամավորը, Հունաստանի ռազմական խունտայի պարագլուխները, թըխկ-թըրըխկ, կադրը կադրի հետևից, ֆիլմի հոյակապ երաժշտությունը, վայ, մամա ջան, կարո՞ղ ա՝ ծրագրի մեջ սխալ են գրել, ու էսօր «Զեդն» են ցույց տալու, վա՜յ, բողոքում եմ Վիոլետին, էլի միլիոներորդ անգամ պետք ա էս ֆիլմը նայե՞մ։ Դե լավ, կգնաս կողքի կաֆեում կնստես, մինչև պրծնի՝ հույս է տալիս Վիոլետը։ Դե լավ, չէ, հետդ կնայեմ, գոնե էս անգամ հանգիստ, առանց թարգմանելու, «Ծիրանը» հո տիտրերը դրել ա։

Ուրեմն, Գավրասը Հայաստանում է, պետք է անպայման կարողանամ հետը առանձին հանդիպել։ Նայում եմ «Ծիրանի» ծրագիրը՝ հանդիպում կա, Մալյան թատրոնում։ Գյումրիի «Ֆայտոն» տաքսին ինձ ուղիղ թատրոն է հասցնում։ Նախամուտքում «Ծիրան»-ում աշխատող ծանոթիս եմ տեսնում, ասում է՝ իրեն մոտեցի, հետը հանդիպում խնդրի, լավ մարդ է, չի մերժի։ Ուզում եմ մտնել դահլիճ, մեկ ուրիշ բեջավոր՝ արդեն ուշ է, խնդրել են էլ ոչ ոքի ներս չթողնել։ Չէ, ասում եմ, ես ներս եմ մտնելու, գիտեք։ Ու մտնում եմ՝ Գավրասը, Սերժ Ավետիքյանը ու թարգմանչուհին՝ բեմին, իսկ դահլիճը՝ լիքը։ Զարմանալի է, կարծում էի դատարկ կլինի, ու ես ու Գավրասը հավեսով կշփվենք։ Ու հետաքրքիր հարցեր են հնչում, շատ հետաքրքիր պատմություններ պատմվում, կարելի է և այսքանով բավարարվել։ Բայց մի տեսակ շարունակում եմ ուզել առանձին հանդիպել, ինքս էլ չեմ հասկանում՝ ինչու։ Մի էական բան, այնուամենայնիվ, պակասում է։ Գավրասը պարզապես ռեժիսոր չի ու ոչ էլ՝ պարզապես քաղաքական ռեժիսոր։ Իսկ դահլիճի հարցերն ուղղված էին ռեժիսորին։

Գավրասը Missing («Անհետ կորածը») ֆիլմի՛ ռեժիսորն է։ Դեպքերն ընթանում են Չիլիում Ալիենդեի սոցիալիստական կառավարության դեմ ռազմական հեղաշրջման օրերին։ Ֆիլմում այդ դեպքերը տեսնում ենք ամերիկացի երիտասարդ զույգի աչքերով, որոնք, ոգևորված չիլիական սոցիալիզմով, հաստատվել են Սանտիագոյում։ Չարլզը, որ նաև լրագրող է, հեղաշրջման օրը գտնվելով մեկ այլ քաղաքում՝ պատահաբար ականատես է լինում ամերիկացիների ռազմական օժանդակությանը, հյուրանոցում տեսնում է բազմաթիվ ամերիկացի պաշտոնյաների ու զինվորականների։ Զուգահեռաբար տեսնում ենք նախագահականի ռմբակոծումը, նախագահ Ալիենդեի սպանությունը, երբ իշխանության է գալիս նորլիբերալ Պինոչետը, որի երեսնամյա դիկտատուրան դեռ շատ արյունոտ օրեր է բերելու Չիլիին։ Օրեր անց Չարլզն անհետ կորում է։ Կինը՝ Բետը և հայրը՝ ամերիկյան պահպանողականների շրջանակներից Էդը՝ ֆիլմում՝ հիանալի Ջեկ Լեմոնը, սկսում են Չարլզի որոնումները, որի ընթացքում աստիճանաբար բացահայտում են, թե ինչ աստիճան են ամերիկյան հատուկ ծառայությունները ներգրավված հեղաշրջման գործում, ինչ խաբեությամբ են թաքցնում իրողությունները, ու փլվում է Էդի՝ ամերիկյան ազատության ու արդարադատության հանդեպ խոր հավատը, երբ տղայի դին ամիսներ անց վերադարձնում են ԱՄՆ, ու նույնիսկ հայտնի չի՝ իսկապե՞ս տղան է, թե ոչ։ Ընդ որում, պատմությունն իրական դեպքերի հիման վրա է, և անհայտ կորած ամերիկացի երիտասարդի կինն ու հայրը նույնիսկ մասնակցել են նկարահանումներին։

70-ականների արյունոտ հեղաշրջումներին փոխարինել են էսօրվա փափուկ՝ գունավոր հեղաշրջումները։ Ճիշտ է՝ դրանք այլևս սոցիալիստական կառավարություններ չեն տապալում, բայց հաջողելուց հետո փոշիացնում են սովետական անցյալից մնացած վերջին հատիկները, հաստատում նոր տիպի ավտորիտար ոստիկանական ռեժիմներ՝ անշուշտ այս ամենն համեմված ժողովրդավարության մասին հեքիաթներով՝ թիկունքներին ունենալով արևմտյան կենտրոնները։ Տեսնես, Գավրասը գիտի՞, որ Հայաստանում էլ մի քանի տարի առաջ նման հեղաշրջում տեղի ունեցավ, որ հանգեցրեց պատերազմի ու խաղաղ բնակչության տեղահանության ու հայրենազրկման։ Գիտի՞, որ Եվրոպան ու ԱՄՆ-ն ժողովրդավարության բաստիոն են կոչում խոսքի ազատությունը ամենաբռի կերպով սահմանափակած, ոստիկանական ամենալկտի ճնշումներով իշխանությունը պահող ռեժիմին։ Ընդ որում, ամերիկացիների կողմից ֆինանսավորվող ու բարգավաճող ոստիկանների։ Մի քանի անգամ պատահել է ընկերներիս մոտ ասել եմ, թե հայաստանյան դեպքերին որ նայում եմ, ոնց որ Գավրասի ֆիլմերից լինի։ Missing ֆիլմը նկարողին պե՛տք է, որ հետաքրքրի էս ամենը։

Գիտի՞ Գավրասը՝ ինչի համար է պայքարում Արցախը, ինչ հակահայ ֆաշիզմով ենք շրջապատված ներսից ու դրսից։ Գավրասը AMEN ֆիլմի՛ ռեժիսորն է։ Այն պատմում է Հոլոքոստի մասին ու հատկապես Վատիկանի ու ընդհանրապես կաթոլիկ աշխարհի անտարբեր մասնակցության մասին։ Նա պետք է որ զգայուն լինի էս հարցերում, պետք է, որ շատ լավ հասկանա մեզ հետ կատարվածը։

Փաստորեն, ոչ միայն հարցեր, այլ ի՛նքս պատմելու բաներ ունեմ: Պարոն Գավրաս, ինձ առանձին հարցազրույց կտա՞ք,- թատրոնի հանդիպման ավարտին դահլիճից դուրս գալով՝ վազում եմ ընդառաջ։ Մադամ, դիմեք փառատոնի ադմինիստրացիային՝ վայրենի հայրենակցուհուց քաղաքակիրթ հայրենակցին շտապում է պաշտպանել Սերժ Ավետիքյանը։ Ի վերջո, վարպետի հանգստյան երկու ժամերից կորզում եմ 30 րոպե «Երևան Թյուլիփ» հյուրանոցում։ Ու կորզում եմ իսկապես։ Հարցազրու՞յց, դե որ պիտի հարցազրույցի նման լինի, նստած արագ-արագ ինչ-որ հարցեր եմ պատրաստում, ձեռի հետ էլ՝ ելույթս Հայաստանի մասին։

-Հանդիպման ժամանակ ասում էիք, որ ցանկացած ֆիլմից կարելի է քաղաքական անալիզ անել։ Ծանո՞թ եք այս տարվա «Ծիրանի» հայկական ֆիլմերին կամ, առհասարակ, հայկական կինոյին։ Ի՞նչ քաղաքական վերլուծություն կարող եք անել դրանց շուրջ։

–«Ծիրանի» ֆիլմերը չեմ տեսել, նաև շատ քիչ եմ ծանոթ հայկական կինոյին։ Այն, ինչ գիտեմ, շատ անձնական հարցերի շուրջ են եղել, տեղական ինչ-որ պատմությունների շուրջ։

– Ձեր ֆիլմերը ձախ քաղաքական են, նույնիսկ ակտիվիստական, որտեղ ցույց եք տալիս երևույթների թաքնված կողմերը։

-Պետք է սահմանել, թե ինչ է ակտիվիզմը։ Երբ խորքային ձևով հարում ես մի փիլիսոփայության, մի գաղափարի ու ամեն գնով ուզում ես այն պաշտպանել՝ ընդգծելով միայն դրական կողմերը և անտեսելով բացասականը։ Մենք ունեցել ենք ձախ ակտիվիստներ, որոնց համար այն ամենն, ինչ ձախ է, ուրեմն ճիշտ է։ Կինոն դա չի կարող անել, չենք կարող խաբել հանդիսատեսին, չենք կարող նրան ասել՝ ահա, սա պետք է անես, իսկ ակտիվիստները հենց այդպես են անում։

Երևույթները երբեք թաքնված չեն, նրանք այնքան կողմեր ունեն, այնքան են ցրիվ եկել ամեն կողմ միաժամանակ, որ հնարավոր չէ ընտրություն կատարել։ Իմ վերջին ֆիլմը պատմում է Հունաստանի պարտքի մասին, որ Եվրոպան ինքը ստեղծեց, հետո ասացին՝ դե հիմա վճարիր։ Երևույթները այդքան հստակ չեն, շատ ավելի բարդ են։ Նոր հանդիպման ժամանակ խոսում էինք «Նետֆլիքսի» մասին, որը կապիտալիզմի գագաթնակետն է, կամ «Ամազոնը»։ Անշուշտ, սրանք ունեն նաև դրական կողմեր՝ օրինակ, այն փաստը, որ մարդկանց, որոնք չեն կարող գնալ կինոթատրոն, թույլ են տալիս դիտել ֆիլմեր շատ քիչ գումարով։ Կինոն դա երբեք չի կարողացել անել, չենք կարող կինոթատրոն գնալ 10 եվրոյով։ Բացասական կողմն այն է, որ այդ կորպորացիաները ուզում են կառավարել ֆիլմարտադրությունը, ընտրում են այն, ինչ իրենց չի խանգարում, ինչ քննադատական չի։ Մյուս բացասական կողմը այն է, որ նրանք անվերահսկելի են, ավելի շատ դրամ ունեն, քան, ասենք, ձեր երկիրը։ «Նետֆլիքսի» տարեկան եկամուտը ձեր երկրի բյուջեից ավելին է, տեսեք, թե ինչ հարաբերակցություն է։ Եվ սա տարածվում է ամբողջ հասարակության վրա, բայց դա պատմելու համար պետք է պատմություն գտնել։ Իմ վերջին ֆիլմը մի քիչ առնչվում է այս խնդրին՝ հունական իրողություններից ներշնչված։ Ամեն երկիր պետք է ունենա իր ազգային կինոն, ինչպես ունի իր թանգարանը, իր կրթական համակարգը։

– Արդյոք նորլիբերալ համակարգը թո՞ւյլ է տալիս, որ ազգային ինքնությունները շարունակեն արտահայտվել իրենց կինոյի, մշակույթի միջոցով։ Ինչպե՞ս եք տեսնում այդ հարաբերակցությունն այսօր։

– Թույլ չի տալիս, սկզբունքորեն և անհրաժեշտությունից ելնելով, քանի որ դա իր դեմ է։ Ճիշտ է, որ անդադար դեմոկրատիա, դեմոկրատիա կրկնելով, ինչ-որ մի դուռ բաց են թողնում, մինչև մի աստիճան։ Դրա շնորհիվ է, որ, օրինակ, Ֆրանսիան կարողացել է զարգացնել իր ազգային կինոն, բոլոր ժամանակների կինոգործիչները պայքարել են դրա համար։ Հարատև պայքար է եղել հանուն նրա, որ պետությունը պաշտպանի ազգային կինոն, պարտադրի կանոններ, զարկ տա կինոարտադրությանը, և «Նետֆլիքսը» ստիպված է ենթարկվել այդ կանոններին, չնայած իրենք են ընտրում սցենարները։ Ուրեմն, միշտ կան ազատության ու վերահսկման այս վայրիվերումները, որ նշանակում է՝ հարատև պայքար։

Այդ պայքարը գնալով դժվարանում է, քանի որ հսկայական ընկերությունների հետ գործ ունենք, դրանցից երկուսը նշեցի, բայց կան նաև ուրիշներ, որոնք նույնքան նշանակություն են ձեռք բերում, որքան պետությունները, ու վերջինները այլևս հնարավություն չունեն նրանց վերահսկելու, սա է գլխավոր խնդիրը։ Նոր խոսում էինք գլոբալիզացիայից, դա անորոշ է, մինչև չես կոնկերտացնում՝ խնդիրը «Ամազոնն» է՝ գլոբալիզացիայի խորհդրանիշը, նաև գուգլը, ֆեյսբուքը և այլն։ Պայքար կա այդ ամենի դեմ, բայց անհրաժեշտ է, որ պետությունները միավորվեն, դա էր Եվրամիության սկզբնական նպատակը, բայց կարծես չստացվեց։ Անշուշտ օրենքներ կան Եվրամիության սահմանադրության մեջ, բայց միշտ ձևերը գտնում են դրանք շրջանցելու։ Եվ եվրոպական ժողովուրդները կորցրել են վստահությունը Եվրոպայի հանդեպ, բայց նաև քաղաքականության հանդեպ, ու գալիս է մի պահ, երբ ամեն մեկն իր մեջ ներփակվում է ու անում հնարավորը, որ ապրի այս հրեշի մեջ, որ հասարակություն է կոչվում։

Ափսոս, որ «Մեծահասակները սենյակում» ֆիլմը հանդիպումից հետո նայեցի։ Երբ Գավրասը պատմում էր դրա մասին, դեռ չէի տեսել, ուրեմն չկարողացա տեղը տեղին ֆիլմի շուրջ զրուցել։ Ֆիլմը Եվրամիության ու Հունաստանում 2015-ին իշխանության եկած Սիրիզայի կառավարության հակասության մասին էր։ Տարիների տնտեսական ճգնաժամից հետո, 2015-ի արտահերթ ընտրությունների ժամանակ, Սիրիզա կուսակցությունը խոստանում է չեղարկել Հունաստանի իշխանությունների կուտակած պարտքը, դրա հետ մեկտեղ վերաձևակերպել Եվրոմիության Տրոյկայի պարտադրած «խստագույն խնայողության» քաղաքականությունը («plan d’austérité»), որը ենթադրում էր սոցիալական բոլոր ծրագրերի կրճատում՝ թոշակային տարիքի բարձրացում, հիվանդանոցների կրճատումներ, պետաշխատողների օպտիմալացում և այլ, այսպես կոչված, խիստ միջոցներ, որոնք, ըստ Տռոյկայի, պետք է օգնեին Հունաստանին փակել իր պարտքը՝ փոխարենը երկրում ստեղծելով քաոս՝ գործազրկություն, սով, հումանիտար ճգնաժամ։

Այս քաոսից է, որ փորձում է խուսափել Հունաստանի ձախ կառավարությունը, հատկապես ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը, որ Եվրոմիության հետ բանակցությունների ակտիվ մասնակիցն էր։ Իր հրաժարականից հետո գիրք է գրել անդրկուլիսային այս բանակցությունների մասին, ինչն էլ դարձել է Գավրասի ֆիլմի սցենարի հիմքը։ Ֆիլմում նախարարը Եվրամիության ինստիտուտներում փորձում է բացատրել, որ Տրոյկայի պարտադրած նեոլիբերալ տնտեսական քաղաքականությունը Հունաստանում հումանիտար ճգնաժամ է ստեղծում, երկիրը նետում արատավոր շրջանակի մեջ, որ սոցիալական ոլորտի կրճատումները, բացի հակամարդկային բնույթից, նաև կոնկրետ տնտեսական հետևանքներ են ունենում, գցում են հասարակության գնողունակությունը, ինչի հետևանքով կրճատվում են բյուջե մտնող հարկերը, ինչն էլ կառավարությանը ստիպում է նորից պարտք անել պարտքերը փակելու համար։ Մի խոսքով, իսկապես արատավոր շրջանակ։ Բայց ոչ մարդկային աղետը, ոչ տնտեսական աղետը չեն հուզում բանկիրների շահերը պաշտպանող եվրոպական ինստիտուտների ներկայացուցիչներին, Տրոյկան՝ միջազգային արժութային հիմնադրամը, եվրոպական բանկը և եվրահանձնաժողովը անդրդվելի են․ պարտքը պետք է փակվի, եթե ոչ՝ Հունաստանին սպառնում են դուրս շպրտել Եվրամիությունից։ Ֆինանսների նախարարը ճկուն է, պատրաստ է զիջումների և երկխոսության, բայց հակառակ կողմը ոչ մի տառ չի պատրաստվում զիջել։ Երբ վարչապետը հարցնում է՝ բայց գուցե կատարենք Տրոյկայի պահանջը, այլ տարբերակ չի մնում, նախարարը պատասխանում է՝ եթե կատարես իրենց «խնայողության քաղաքականության» պահանջը, ամեն ինչ կփլվի, կդառնաս նույն աջ կառավարությունը, որի դեմ պայքարում էիր, այ իսկ եթե հրաժարական տաս, գուցե հիմա փլվի Սիրիզան, բայց միակ ձևն է, որ ձախականությունը նորից վերածնվի Հունաստանում։

Բանակցությունները մտնում են փակուղի․ մի կողմից հույն ժողովրդի արժանապատիվ ապրելու իրավունքն է, մյուս կողմից՝ եվրոտեխնոկրատների պատը։ Հարցը դրվում է հանրաքվեի, ու հույն ժողովրդի մեծամասնությունը քվեարկում է ՈՉ։ Ոչ նեոլիբերալիզմին, ոչ բանկերի շահերին, ոչ միջազգային արժութային հիմնադրամին, նույնիսկ Եվրամիությունից դուրս գալու գնով։ Բայց ինչ է տեղի ունենում․ պատռվում է Եվրոմիության կեղծ ժողովրդավարության դիմակը, և, հակառակ հանրաքվեի արդյունքների, այլ ճանապարհներով, եվրոինստիտուտների տեխնոկրատները ստիպում են Հունաստանի վարչապետին ընդունել Տրոյկայի պայմանները։ Հաջորդ օրը՝ ֆինանսների նախարարը հրաժարական է տալիս։

Տեսնես Հայաստանի եվրոսիրահարվածները էս ֆիլմը տեսա՞ն, դեռ տպավորված՝ դահլիճից դուրս գալուց հարցնում եմ Վիոլետին։ Հիշում եմ, հունական ճգնաժամի օրերին շրջապատիս բոլոր պռադվինուտիները նույն երգն էին երգում՝ թե հույները ծույլ ժողովուրդ են, աշխատել չեն սիրում, դրա համար են աղքատ։ Էնքան երգեցին նույն քարոզչական երգերը, որ վերջը Նիկոլին բերին իշխանության, որ գար ասեր՝ աղքատությունը ձեր գլխում է։

Որ ֆիլմից հետո տեսնեի Գավրասին, հաստատ կհարցնեի՝ ինչո՞ւ է ֆիլմն այսքան չորուցամաք, հայ որոշ կինոշչնիկներ նայեին, հաստատ հազար անուն կկպցնեին՝ ստեղ ֆիլմ չկա, սցենարը չի զարգանում, կուլմինացիա չկա, լույսը չկա, մոնտաժը սխալ ա, երաժշտությունը՝ բացակա։ Չգիտեմ՝ ինքն ինչ կասեր, բայց ես կուզեի իր փոխարեն պատասխանել․ արվեստը միայն տեխնիկական տրյուկները չեն, ու նաև՝ գուցե հայրենիքի գլխին պատահած աղետից հետո դժվար է գլամուր խաղեր տալը։ Չգիտեմ ինքը կասեր, թե չէ, բայց ես կուզեի մտածել, որ էս ֆիլմը նաև ինչ-որ ձևով ֆրանսիացի դարձած Գավրասի խղճի պարտքն է Եվրոպայի պերիֆերիայիում հայտնված իր հայրենիքի հանդեպ։

Եվ խոսում ենք Գավրասի հետ «Թյուլիփ» դարձած Երևան հյուրանոցում, թեմայից թեմա թռնում՝ Պուտինը վերակենդանացրեց ՆԱՏՕ-ն, բայց ՆԱՏՕ-ն ե՞րբ էր մեռել որ, Եվրամիությունը կուլ գնաց ՆԱՏՕ-ին, Ամերիկան ՆԱՏՕ-ի միջոցով է գերի պահում Եվրոպան, Եվրամիության սկզբնական նպատակն էր դիմադրել ամերիկյան իմպերիալիզմին, բայց դրա գերին դարձավ, Ամերիկան կապիտալիզմի Մեքքան է, կապիտալիզմի Վատիկանը, և այլն և այլն․․․

Ես պահ եմ փնտրում վերջապես, որ ասեմ՝ իսկ գիտե՞ք, որ նույն ամերիկա-բրիտանական իմպերիալիզմն է Թուրքիայի ու Ադրբեջանի միջոցով Հայաստանը փորձում քանդել։ Գիտե՞ք՝ մեր կառավարությունը իշխանության եկավ արևմուտքի գործակալների կողմից կազմակերպված գունավոր հեղափոխության միջոցով, որդեգրեց արևմուտքի պարտադրած բոլոր նեոլիբերալ խստության ծրագրերը, քանդեց թուրք-ադրբեջանական հակահայ ֆաշիզմին դիմադրող բոլոր մեխանիզմները։ Բայց կես ժամն էլ վերջ ուներ, ու «Ծիրանի» Թամարը եկավ Գավրասի հետևից, որ նրան տանի «Զեդ» ֆիլմի ցուցադրմանը։

Երբ հաջորդ օրը լուսանկարներում տեսա, թե ինչպես է «Ծիրանի» ղեկավարությունը՝ սովորական ժպիտներով, ասես ոչինչ երբեք չէր պատահել մեր երկրում, Նիկոլի ձեռքը սեղմում, արանքներում էլ Կոստա Գավրասի լուսանկարը՝ մեծ պատիվ էին արել, տարել էին վարչապետի մոտ ընդունելության, մտքումս ասացի՝ արժեր իմ հանդիպումը վարպետի հետ, վստահ եմ՝ ուղեղի մի ծալքում, մի տեղ մնացել է իմ տված տեղեկությունը սրանց մասին, որովհետև վստահ էի, որ ոչ ոք էդ շրջանակներից իրեն չի պատմի, թե ում մոտ է ընդունելության գնացել։

Եվա Հակոբյան