հայերեն

Մանիֆեստ

2021 February 18

Մենք՝ Ճառագայթ ձախ խմբակցությունը, գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի՝ որպես հավաքականության խնդիրների էական մասը կապված է անկախացումից ի վեր որդեգրված տնտեսական ազատական քաղաքականությամբ, դրանից բխող եսամոլության, միայն անհատական շահի և շուկայի վրա հիմնված հասարակական հարաբերություններով:

Այս տարիների ընթացքում Հայաստանում ձևավորված խոշոր դրամատերերը միակ խավն են, որ ունեն դասակարգային գիտակցություն, ու նաև միակը, որ քաղաքական մենիշխանության պայմաններում կարողացել են թելադրել և առաջին պլան մղել բացառապես իրենց շահերը: Հասարակական լայն շերտերը շահագործման և աղքատության բեռի տակ տրոհված են, չունեն կազմակերպական միավորներ և քաղաքական ներկայացուցչություն: Քաղաքական դաշտում գործող ոչ մի կուսակցություն կամ քաղաքական կազմակերպություն չի արտահայտում նրանց շահերը: Անկախացման 30 տարիների ընթացքում Հայաստանի իշխանության ու ընդդիմության հակամարտության մեջ ազատական գաղափարախոսությունը երբեք հարցականի տակ չի դրվել:

Հասարակական կազմակերպությունները նույնպես ազատական են։ Քաղաքացիական հասարակության ստվար մասը ֆինանսավորվում է գլոբալ կապիտալիզմի արևմտյան ֆոնդերից, նրանցից գաղափարական կախման մեջ է և վերածվել է նրանց քաղաքական շահերի շարասյանը Հայաստանում։ Նրանց մեջ են նույնիսկ նրանք, որ հանդես են գալիս ձախական դիսկուրսով. նրանք նույնպես չեն արտահայտում Հայաստանի ժողովրդական ստվար զանգվածների ընկերային և տնտեսական շահերը, իսկ անարդարություններն օգտագործում են իրենց դրսի հովանավորների շահերն առաջ տանելու համար:

Ուրեմն Հայաստանում դասակարգերի ուժային հարաբերակցությունը լրջորեն խախտված է, և մեծ խզում կա հասարակական լայն շերտերի և իշխող վերնախավերի միջև:

Այդ իրավիճակում 2018 թվին Հայաստանում 30 տարիներին կուտակված հասարակական դժգոհություններն օգտագործելով՝ հեղափոխության անվան տակ իշխանության եկան առավել արմատական լիբերալներ և գլոբալ կապիտալիզմի շահերը մատակարարող ուժեր, որոնք երկիրը մխրճեցին աղետալի պատերազմի մեջ, արդյունքում Արցախի պետականությունը փաստացի փլուզվեց և սպառնալիքի տակ հայտնվեց նաև Հայաստանի ինքնիշխանությունը։

Այսպիսով, կարելի է պնդել, որ Հայաստանի ժողովուրդը քաղաքականապես որբ է:Որբ և գերի այլընտրանք չունեցող ազատական ուժերի ձեռքին:

Այս նախաձեռնության տեսլականն է լինել այլընտրանքի առաջին ճառագայթները:

Մենք համոզված ենք, որ արդարության սկզբունքը և մարդու կողմից մարդու շահագործման վերացումը կարևոր նախապայման են համերաշխ և ստեղծագործ հասարակության ձևավորման համար:

Մյուս կարևորագույն մարտահրավերը Արցախյան հիմնահարցն է: Մենք անհրաժեշտ ենք համարում Արցախի հարցը դիտարկել պատմական հոլովույթի մեջ, որն ընդգրկում է հայերի էթնիկ բնաջնջումը իր բնօրրանից Օսմանյան կայսրության մեջ մինչև մեր օրեր, երբ Թուրքիան և իր արբանյակ Ադրբեջանը շարունակում են նույն քաղաքականությունը: Այս համատեքստում, արցախահայության անկախացման կամ Հայաստանին միանալու որոշումը կենսական նշանակություն ունի: Մենք պնդում ենք, որ ազգային կամ այլ հավաքականության ինքնորոշման իրավունքը չի կարող ստորադասվել մեկ այլ երկրի ծավալապաշտական նկրտումներին, որ ժամանակակից աշխարհում տարածքային ամբողջականություն են անվանում: Միջազգայնական ձախական դիրքորոշումը կարևորում է ազգային ինքնությունը, առանց որի հավաքական այլ ինքնություններ՝ դասակարգային, սեռային դժվար է պատկերացնել: Այս հարցը մեզ՝ հայերիս համար ավելի է կարևորվում, քանի որ հայկական ինքնությունը շատ ավելի բարդ է՝ կազմված Հայաստանի և սփյուռքի միլիոնավոր հայերի ամենատարբեր ինքնությունների համագումարից: Միջազգայնական ձախ մոտեցումն է միայն, որ կարող է համերաշխության դաշտ ստեղծել՝ իրար մոտ բերելով այս տարբեր ինքնությունները և որ ամենակարևորն է՝ էթնիկ ինքնությունից այն վերածել քաղաքականի:

Ազգային և էթնիկական ինքնությունների գիտակցումն ու զարգացումը ոչ միայն մարդկության մշակութային հարստություն է, այլ դիմադրության կարևոր օղակներից մեկը՝ գլոբալ կապիտալիզմի և անհագուրդ սպառողականության վտանգի դեմ:

Հայ քաղաքական ինքնությունը դիմադրության ու արդարության ձգտման հարյուրամյակների պատմություն է, և ուրեմն, հայության հայրենիքն էլ պետք է խարսխված լինի արդարության ու հավասարության ընկերվարական հասարակարգում։

Մեր խմբակցությունը կոչված է միաձուլել և մեկ գաղափարական հոլովույթի մեջ դիտարկել Արցախի ինքնորոշման պայքարը և Հայաստանում ընկերվարական հասարակարգի խարսխումը, ընդսմին աջակցել կամ մասը լինելը աշխարհում ճնշված ժողովուրդների և ընկերվարական համահունչ շարժումներին։

Բյուրակն Իշխանյան
Եվա Հակոբյան
Սօսէ Յովսէփեան
Անի-Ծովինար Վանեցյան