հայերեն

Մեր մասին

44 օրյա պատերազմի արդյունքը սոսկ Հայաստանի պարտությունը չէր, այն մի աղետ էր, որ փլուզում է հայերի հավաքականության, ապագայի երազանքների կառուցման, նույնիսկ պետություն ունենալու նկատմամբ հավատը։

Հայոց պատմության վերջին տասնամյակներում ի՞նչ սխալ կամ սխալներ են եղել, որոնք հանգեցրին աղետին ու մեծ հիասթափությանը։

Մենք՝ տարբեր երկրներում բնակվող ձախերս, համախմբվել ենք պատասխանելու այս հարցին։

Վստահ ենք, որ հայության ապագան կառուցելու համար անհրաժեշտ է վերջին տասնամյակներում ազատականության մեջ ճահճացած հայ քաղաքական միտքը ճեղքել, որը կբացի հույսի հեռանկարներ:

Մեզ միավորում է ձախը և հայը, որոնք մեզ մի խմբի մեջ են հավաքել այն համոզմունքով, որ ինչպես արևն է ճառագայթներ արձակում, այնպես էլ մեր դինամիկան պետք է վաղվա գետերը ոռոգի:

Մեր դինամիկան հիմնվում է հետևյալ դրույթների վրա.

Հայաստանը, թեև ձեռք է բերել անկախություն, սակայն արտաքին նվաճողների թիրախում է գտնվում, և ինչպես Արցախի անկախությունը փլուզվեց, այնպես էլ Հայաստանի պետականության կորստի վտանգը միշտ կախված է երկրի գլխին։ Հետևաբար անկախություն ձեռքբերելով՝ ազգային ազատագրական պայքարը չի ավարտվում, այն շարունակվում է այնքան ժամանակ, քանի Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայության իղձերը չեն իրագործվել։

Ազգային ազատագրական պայքարները հիմնված են հավաքականության վրա, իսկ հավաքականությունն էլ պետք է ենթադրի ընկերվարություն: Չի կարող հաջողության հասնել այն ազատագրական շարժումը, որը մերժում է հավաքականությունը և հիմնվում ազատականության քարոզած անհատապաշտության ու շահի վրա։ Այդ ձախողման պտուղներն է այսօր տեսնում Հայաստանը, որտեղ 30 տարի քարոզվում է ազատականությունը, և պատերազմող երկրում խորանում է անարդարությունը՝ մի շերտը մշտապես հարստանում է, պատերազմական վտանգներից պաշտպանված՝ բարեկեցիկ ապրում, իսկ ստվար զանգվածները աղքատության մեջ են և երկրի պաշտպանության բեռը նրանց ուսերին է մնում։

Արդարության ձգտումը հայ ժողովրդի պատմության ճակատագիրն է: Սփյուռքից և Արևմտյան Հայաստանում ինքնության որոնումից, մինչև արցախահայերի ինքնորոշման պայքարը և Հայաստանի Հանրապետության դիմադրությունը նոր ցեղասպանության վտանգի դեմ, հայ ժողովուրդը սահմանվում է որպես մի ճակատագրի համայնք: Որպեսզի ճակատագրի դրոշմը դառնա գործողության սկզբունք, պետք է ոչ միայն պայքարել անցյալի անարդարությունների հատուցման համար, այլլև այն ուղղորդել դեպի մի քաղաքական ծրագիր, որը կարող է նյութականանալ միայն սահմանված տարածքի վրա:

Ապագայի Հայաստանը պետք է տուն լինի բոլոր հայերի համար և ուրեմն, այնպիսի համակարգ ունենա, որը մերժում է այն, ինչը տարանջատում է հայ ժողովրդի տարբեր հատվածներին: Տարանջատող երկու հիմնական բևեռներն են՝

  • Դասակարգերի բաժանված հասարակություն, որ հիմնված է մի դասակարգի՝ բուրժուազիայի շահերի վրա։

    Մենք երբեք չենք կարողանա հաղթահարել մեր ժողովրդի առաջ դրված արտաքին մարտահրավերները, եթե չունենանք ընկերային արդար հասարակություն: Ահա թե ինչպես է ճնշված ժողովուրդների ընկերվարությունը միահյուսված նրանց ազատագրական պայքարին:

  • Թշնամաբար տրամադրված հարևաների ծավալապաշտ քաղաքականությունը, և գլոբալ կապիտալի իմպերիալիստական ներխուժումներն ու տիրապետումը, խեղդում են ժողովրդի ինքնապաշտպանական կարողությունը, և խառնվելով քաղաքական գործընթացներին՝ խոչընդոտում Հայաստանում ժողովրդի քաղաքացիական իրավունքների ինքնավար որոշման հնարավորությունը :

    Լիբերալ դեմոկրատական համակարգի պայմաններում, ուր քաղաքական դաշտում տիրապետող է դառնում մեծ կապիտալը, արտաքին ուժերը, խոշոր գումարներ դնելով, մշտապես կարող են ներթափանցել Հայաստանի կառավարման համակարգ և իրենց շահերի ուղղությամբ տանել երկիրը, ինչն էլ եղավ 2018 թվի գունավոր հեղափոխության արդյունքում։

Հայ ժողովրդի համար կենսունակ և արդար քաղաքական ծրագիրը պետք է հիմնված լինի միջազգայնական սկզբունքի վրա, հայկական ազատագրական պայքարը անհրաժեշտաբար մասն է և պետք է մասը դառնա միջազգային ազատագրական պայքարների: Մեր հայրենասիրությունն ու հակակապիտալիզմը համերաշխության ձայն են՝ ուղղված ճնշված ժողովորւդների ազատագրական պայքարներին:

Բյուրակն Իշխանյան՝ Իմացաբան, պոստդոկ, Կոպենհագեն
Եվա Հակոբյան՝ Քաղաքագիտության դոկտրանտ, Մոնրեալ
Սօսէ Յովսէփեան՝ Ինֆորմատիկա - Տեղեկատվության պաշտպանության ինժեներ, Օտտավա
Անի-Ծովինար Վանեցյան՝ Փիլիսոփայության ուսանող, Փարիզ